Դուք այստեղ եք` Գլխավոր ԵՊԲՀ-ի մասին Պատմական ակնարկ

Yerevan State Medical University

ՀայերենРусскийEnglish

Համալսարանի պատմությունը


Հայաստանի և հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ բժշկագիտության արմատները հասնում են դարերի խորքերը: Դեռևս հնագույն ժամանակներում Հայաստանում գործում էին բժշկական բարձրագույն դպրոցներ, որտեղ փիլիսոփայության և բնական գիտությունների հետ մեկտեղ ուսուցանվում էր բժշկագիտություն: Տրամաբանական է, որ դեռևս վաղ միջնադարում բժշկական դպրոցներ և բժշկագիտական կենտրոններ ունեցող ժողովուրդը առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է մտածեր եթե ոչ դրանց վերաբացման, ապա գոնե նմանների ստեղծման մասին: Այդպիսի հնարավորություն ստեղծվեց Առաջին Հանրապետության տարիներին: 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում հրատապ էր բժիշկների որակյալ բազա ունենալու խնդիրը:

1920թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց բժշկական դպրոց: Դպրոցի ծրագրերը և ուսումնական պլանները համապատասխանում էին բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների պահանջներին, սակայն դպրոցն ի վիճակի չէր իրականացնել բարձրագույն կրթական ծրագրերը: Չկային անհրաժեշտ պայմաններ ուսումնական կանոնավոր գործընթացի համար, և բժշկական կադրերի պատրաստումը կապված էր մեծ բարդությունների հետ: Անհրաժեշտություն առաջացավ հիմնել բժշկական բարձրագույն հաստատություն՝ ելնելով վերոնշյալ հանգամանքներից: Այժմ փոքր-ինչ պատմության մասին:


Մինչև Հայաստանում բարձրագույն ուսումնական կրթօջախ ունենալը հայ երիտասարդությունը սովորում էր Անդրկովկասյան մասնավոր համալսարանում: Հայերը կազմում էին այդ կրթօջախի ուսանողության գրեթե կեսը /մոտ 700 հոգի/: Մեծ էր նաև համալսարանի հայազգի դասախոսների թիվը: Դարեր առաջ կորցրած պետականության վերականգնումից հետո Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը բազմաթիվ լուրջ հիմնախնդիրների հետ մեկտեղ առաջնահերթ ուշադրության արժանացրեց նաև երկրի հոգևոր կյանքի զարգացումը: ՀՀ հանրային կրթության նախարարությունում 1919թ. հունվարի 25-ին տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված Անդրկովկասյան մասնավոր համալսարանը Թիֆլիսից Երևան տեղափոխելու նպատակահարմարությանը:

ՀՀ նախարարների խորհուրդը 1919 թ. մայիսի 16-ին հաստատեց օրենք, որի 4 կետում ասվում է՝
«Հիմնել Երևանում համալսարան՝ հետևյալ 4 բաժիններով՝

  • պատմալեզվաբանական,
  • տնտեսաիրավաբանական,
  • բժշկական,
  • ֆիզիկամաթեմատիկական ՝ տեխնիկական ստորաբաժանումով:

Համալսարանի բացման հիշարժան իրադարձությունը տեղի ունեցավ 1920թ. հունվարի 31-ին՝ հանդիսավոր պայմաններում: Այս ամենի շնորհիվ ամուր հիմքերի վրա դրվեց առողջապահության կազմակերպման և բժշկագիտության զարգացման գործը: Հայ երիտասարդների բժշկական կրթությունը տեղում կազմակերպելու շնորհիվ նրանք այլևս հարկ չէին ունենա մեկնելու Ռուսաստան կամ եվրոպական մի շարք երկրներ: Ինչպես ցույց տվեց բժշկական ֆակուլտետի հետագա գործունեությունը, նրա հիմնադրումը ժամանակին էր և անշուշտ բխում էր այդ տարիների հրատապ պահանջներից:

Մինչ օրս Հայաստանում բարձրագույն կրթությամբ բժշկական կադրերի պատրաստման նախասկիզբը համարվել է 1922 թվականը, մինչդեռ 1919թ. ընդունվել էր օրենք բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու մասին, իսկ մեկ տարի անց կրթօջախի բացումն ապացուցել օրենքի գործողությունը: Հիմք ընդունելով նորահայտ վավերագիրը` բժշկական համալսարանի ստեղծման տարեթիվը հետայսու հաշվվելու է 1920 թվականից: 

2010 թվականին մեծ շուքով և խանդավառությամբ կնշենք հարազատ բժշկականի ստեղծման 90-ամյակը: